Աղի մասին

Աղեր կոչվում են այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի կատիոններից և որևէ թթվային մնացորդի անիոններից[1]։

Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը աղերը նկարագրում է որպես քիմիական միացություն, որոնք կազմված են կատիոնից և անիոնից[2]։ Կա նաև այլ բնորոշում՝ աղեր են կոչվում այն նյութերը, որոնք կարող են առաջանալ թթուների և հիմքերի փոխազդեցությունից գրի առկայությամբ[3]։

Բացի մետաղի ատոմներից աղերում կարող են գտնվել նաև ամոնիումի (NH4+), ֆոսֆինի (PH4+) կատիոններ և այլ օրգանակ միացություններ, ինչպես նաև կոմպլեքսային կատիոններ և այլն։ Աղերում անիոնի դեր կարող են կատարել թթվային մնացորդների անիոնները, ինչպես անօրգանական, այնպես էլ օրգանական, ներառյալ կարբանոիդները և կոմպլեքսային անիոնները[4]։

Լոմոնոսովը քիմիայից և ֆիզիկայից իր աշխատություններում այդպես է նշել աղը[5][6]։

Աղ անվանումը նշանակում է փխրուն մարմիններ, որոնք լուծվում են ջրում և այն մնում է թափանցիկ, դրանք չեն այրվում, եթե ջրում ենթարկվում են կրակի ազդեցությանը։

Բոլոր աղերը բյուրեղական նյութեր են։ Մի շարք աղեր՝ մալաքիտըլազուրիտըպաղլեղներըկերակրի աղը և այլն, հունական և ալքիմիական ձեռագրերում անվանվում են «հայկական աղ»։ Ըստ հայտնի քիմիկոսներ ֆրանսիացի Մ. Բերթլոյի, գերմանացի Վ. Մեյերի և ուրիշների՝ այդ աղերն այդպես են անվանվել անցյալում Հայաստանից արտահանված լինելու պատճառով։ Այդ անվանումը հաճախ է հանդիպում նաև միջնադարյան հայկական ձեռագրերում։ Աղերն օգտագործվում են ապակուկաշվիներկերի արտադրության, մետաղաձուլմանմանածագործությանքիմիական արդյունաբերությանսննդարդյունաբերությանբժշկությանգյուղատնտեսության մեջ, կենցաղում և այլուր։

Կենցաղում օգտագործվող մի շարք աղեր դեռ հնուց ունեն «կենցաղային» (ոչ քիմիական) անվանումներ. խմելու սոդա՝ նատրիումի հիդրոկարբոնատ (NaHCO3), լվացքի սոդա՝ նատրիումի կարբոնատ (Na2CO3), ժավել՝ նատրիումի հիպոքլորիտ (NaClO), քլորակիր՝ կալցիումի հիպոքլորիտ [Ca(ClO)2] և քլորիդ (CaCl2), բորակներ՝ նատրիումի, կալիումի, կալցիումի, բարիումի նիտրատներ, շիբ՝ կալիումի և ալյումինի սուլֆատի բյուրեղահիդրատ( KAl(SO4)2 . 12H2O), դառը կամ անգլիական աղ՝ մագնեզիումի սուլֆատի բյուրեղահիդրատ (MgSO4.7H2O), «մարգանցովկա»՝ կալիումի պերմանգանատ (KMnO4), և այլն։

Կերակրի աղը՝ նատրիումի քլորիդը (NaCl), անգույն, բյուրեղային, ջրում լուծվող նյութ է։ Բնության մեջ տարածված է հալիտ միներալի ձևով, որն անվանում են նաև քարաղ։ Բնական քարաղը մետաղական նատրիումի հետքեր պարունակելու հետևանքով երբեմն կապտավուն է, առաջացնում է խոշոր հանքավայրեր։ Քարաղի խոշոր հանքավայրեր կան ԿանադայումԼեհաստանումՌուսաստանումԱնգլիայում և այլուր։ Հայկական լեռնաշխարհում բարձրորակ քարաղի պաշարներով հայտնի են Կողբի և Նախիջևանի, իսկ Երևանում՝ Ավանի աղի հանքերը։ Կերակրի աղի խոշոր պաշարներ կան ծովերի, աղի լճերի և ստորերկրյա ջրերում։ Աղաջրերից աղն արդյունահանում են ջրի գոլորշիացման միջոցով։

Կերակրի աղը մարդու օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ սննդանյութ է։ Այն լավացնում է կերակրի համը, կարգավորում է հյուսվածքներում ջրի պարունակությունը, մասնակցում է ստամոքսահյութի աղաթթվի գոյացմանը։ Ցանկացած սննդամթերք, նույնիսկ հացը կարելի է փոխարինել մեկ ուրիշով։ Սակայն առանց աղի ապրել հնարավոր չէ։ Օրգանիզմում աղի պակասն առաջացնում է արյան թանձրացում, հարթ և կմախքային մկանների ջղաձգություն, նյութափոխանակության, նյարդային համակարգի գործունեության և արյան շրջանառության խանգարումներ։ Սակայն աղի ավելցուկը նույնպես կարող է վնասակար լինել օրգանիզմի համար։ Օրինակ, սիրտանոթային համակարգի որոշ հիվանդությունների և բորբոքային երևույթների դեպքում աղի սահմանափակ օգտագործումն ունի բուժիչ նշանակություն։

Աղն օգտագործում են գրեթե բոլոր կերակրատեսակների մեջ, ինչպես նաև մսեղենը, ձկնեղենը, բանջարեղենը պահածոյելու համար։ Բժշկության մեջ կիրառում են աղի ջրային լուծույթները, օրինակ՝ 0,9%-անոց լուծույթը, որն անվանում են ֆիզիոլոգիական և օգտագործում են ներերակային ներարկումների, ներարկվող դեղանյութերը լուծելու համար և որպես թունազերծող միջոց։ 3–10%-անոց լուծույթներով պատրաստում են թրջոցներ՝ թարախային վերքերը բուժելու համար։

Ավանի աղի հանքի հիմքի վրա գործում են Ավանի աղի կոմբինատը և Հանրապետական անձավաբուժական կենտրոնը, որտեղ բուժում են բրոնխային հեղձուկ, բրոնխաբորբեր և այլ հիվանդություններ։

Ձմռանը սառցածածկույթի առաջացումը կանխելու նպատակով ձյունածածկ ճանապարհների վրա ցանում են աղ։ Վերջինս լուծվում է ձյան մեջ և իջեցնում սառցակալման ջերմաստիճանը. եթե սովորական ջուրը սառչում է 0 °C-ում, ապա աղաջուրը սառչում է ավելի ցածր ջերմաստիճաններում։

Մարդը սննդի հետ օրական օգտագործում է միջին հաշվով 10–15 գ կերակրի աղ։ Ամբողջ աշխարհում 1 տարում արդյունահանվում է ավելի քան 100 միլիոն տոննա աղ։ Ժողովրդի մեջ տարածված «աղ ու հաց» արտահայտությունը խորհրդանշում է բարեկամություն և հյուրընկալություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *